18/12/2015 ՄԵՏԱՂԱԿԱՆ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆ ԲԱՆԱԼԻ

Դեկտեմբերի սկզբին Երևանի Իսակովի պող. 27/8 հասցեում պաշտոնապես բացվեց Ի. Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցը:
«Շինմեքմեխ» ընկերությունը շենքի շինարարության մեջ հանդես է եկել որպես դրա մետաղական կոնստրուկցիաների պատրաստման և մոնտաժման պատասխանատու: Գեղասահքի դպրոցը կառուցվել է Մոսկվայի «Մոնարխ» ընկերությունների խմբի տնօրեն, «Բարեկեցություն» բարեգործական հիմնադրամի նախագահ Սերգեյ Համբարձումյանի սեփական միջոցներով և նվիրաբերվել է Երևանի քաղաքապետարանին:
Սառցե արենայի կարևորությունն ընդգծվեց բացման արարողությանը ՀՀ նախագահի, Երևանի քաղաքապետի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ: Բացման պատվավոր հյուրերից էր նաև «Շինմեքմեխ» ընկերության տնօրեն Լևոն Խաչատրյանը: Ի դեպ դպրոցի բացման խորհրդանիշ մետաղյա բանալին նույնպես պատրաստվել է «Շինմեքմեխի» կողմից, ինչպես նաև՝ հիմնարկեքի օրհնման մետաղյա սրվակը:
Հիշեցնենք, որ գործարանի մասնագետների մանրակրկիտ և կազմակերպված աշխատանքի արդյունքում 1,5 տարվա ընթացքում հնարավոր դարձավ իրականցնել 7820 քմ տարածք ընդգրկող ժամանակակից և հարմարավետ շենքի սեյսմակայուն և տեխնիկապես բարդ կոնստրուկցիաների պատրաստումն ու մոնտաժը:
«Շինմեքմեխի» աշխատակազմը դպրոցի ապագա սաներին և սահադաշտի բոլոր այցելուներին ցանկանում է նոր ձեռքբերումներ, միջազգային մրցանակներ, ամառ և ձմեռ հաճելի սահք և սառույցի պես ամուր առողջություն: